Meta-ն կառուցում է տեխնոլոգիաներ և ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց կապ հաստատել միմյանց հետ, ստեղծել համայնքներ և զարգացնել բիզնեսները: Սույն Ծառայությունների մատուցման պայմանները («Պայմաններ») կարգավորում են Ձեր կողմից Facebook-ի, Messenger-ի և մեր առաջարկած այլ արտադրանքների, վեբյկայքերի, գործառույթների, հավելվածների, ծառայությունների, տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման օգտագործումը (Meta Արտադրանքներ կամ Արտադրանքներ), բացառությամբ երբ մենք հստակ նշում ենք, որ կիրառվում են առանձին պայմաններ (և ոչ սրանք): (Օրինակ, Instagram-ից Ձեր օգտվելը ենթակա է Instagram-ի Օգտագործման պայմաններին): Այս Արտադրանքները տրամադրվում են Ձեզ «Meta Platforms, Inc.» ընկերության կողմից: Հետևաբար, սույն Պայմանները հանդիսանում են Ձեր և «Meta Platforms, Inc.» ընկերության միջև համաձայնագիր: Եթե Դուք համաձայն չեք այս Պայմաններին, ապա մուտք մի՛ գործեք կամ մի՛ օգտվեք Facebook-ից կամ այլ արտադրանքներից և ծառայություններից, որոնց նկատմամբ կիրառվում են այս Պայմանները:
Սույն Պայմանները (նախկինում հայտնի՝ որպես «Իրավունքների և պարտականությունների հայտարարություն») կազմում են Ձեր և «Meta Platforms, Inc.» ընկերության միջև մեր Արտադրանքների օգտագործման վերաբերյալ ամբողջական համաձայնագիրը: Նրանք փոխարինում են ցանկացած նախկին պայմանավորվածության:
Մենք Ձեզնից գումար չենք գանձում Facebook-ի կամ սույն Պայմաններում ընդգրկված այլ արտադրանքներից և ծառայություններից օգտվելու համար, եթե մենք այլ բան չենք նշում: Փոխարենը, բիզնեսները, կազմակերպությունները և այլ անձինք վճարում են մեզ՝ իրենց ապրանքների և ծառայությունների գովազդները ցուցադրելու համար: Օգտվելով մեր արտադրանքներից՝ Ձուք համաձայնում եք, որ մենք կարող ենք Ձեզ ցույց տալ գովազդներ, որոնք, մեր կարծիքով, կարող են համապատասխանել Ձեզ և Ձեր հետաքրքրություններին: Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ որոշելու, թե որ անհատականացված գովազդները ցուցադրել Ձեզ:
Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները գովազդատուներին և չենք կիսվում Ձեզ ուղղակիորեն նույնականացնող տվյալներով (օրինակ՝ Ձեր անունը, էլփոստի հասցեն կամ այլ կոնտակտային տվյալներ) գովազդատուների հետ, եթե Դուք մեզ հատուկ թույլտվություն չեք տվել: Փոխարենը, գովազդատուները կարող են մեզ հայտնել այնպիսի տեղեկություններ, ինչպիսին է լսարանի տեսակը, որին նրանք ցանկանում են ցուցադրել իրենց գովազդները, և մենք այդ գովազդները ցույց ենք տալիս մարդկանց, ովքեր կարող են հետաքրքրվել: Մենք գովազդատուներին տրամադրում ենք հաշվետվություններ իրենց գովազդի արդյունավետության մասին, որոնք օգնում են նրանց հասկանալ, թե ինչպես են մարդիկ փոխազդում իրենց կոնտենտի հետ: Տեսեք ստորև Բաժին 2-ը, որպեսզի ավելին իմանաք, թե ինչպես է այս պայմանների համաձայն անհատականացված գովազդն աշխատում Meta արտադրանքներում:
Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում Ձեր անձնական տվյալները՝ որոշելու Ձեզ ցուցադրվող գովազդներից մի քանիսը և տրամադրելու ստորև նկարագրված բոլոր մյուս ծառայությունները: Կարող եք նաև ցանկացած պահի անցնել համապատասխան Meta Արտադրանքների Ձեր կարգավորումների էջեր՝ ստուգելու Ձեր գաղտնիության ընտրանքները, թե ինչպես ենք մենք օգտագործում Ձեր տվյալները։
Մեր առաքելությունն է մարդկանց տալ համայնք կառուցելու և աշխարհի մարդկանց ավելի մոտեցնելու ուժ: Այս առաքելությունն առաջ մղելու համար մենք Ձեզ տրամադրում ենք ստորև նկարագրված արտադրանքներն ու ծառայությունները՝
1.1 Տրամադրել անհատականացված գործառնություն Ձեզ համար.
Facebook-ում Ձեր գործառնությունը նման չէ որևէ մեկին. սկսած գրառումներից, պատմություններից, միջոցառումներից, գովազդներից և այլ կոնտենտից, որոնք տեսնում եք Facebook-ի Ֆիդում կամ մեր տեսանյութերի հարթակում մինչև Facebook էջերը, որոնց հետևում եք և այլ գործառույթներ, որոնք կարող եք օգտագործել, օրինակ՝ Facebook Marketplace-ը և որոնումը: Օրինակ, մենք օգտագործում ենք Ձեր ստեղծած կապերի, Ձեր ընտրած ընտրությունների և կարգավորումների մասին տվյալները, ինչպես նաև այն, թե ինչով եք կիսվում ու ինչ եք անում մեր Արտադրանքներում և դրանցից դուրս՝ Ձեր գործառնությունն անհատականացնելու համար:
1.2 Միացնել Ձեզ մարդկանց և կազմակերպություններին, որոնք Ձեզ հետաքրքրում են․
Մենք օգնում ենք Ձեզ գտնել և կապ հաստատել մարդկանց, խմբերի, բիզնեսների, կազմակերպությունների և ուրիշների հետ, որոնք Ձեզ համար կարևոր են, Ձեր օգտագործած Meta Արտադրանքներում: Մենք օգտագործում ենք տվյալներ՝ Ձեզ և ուրիշների համար առաջարկներ ներկայացնելու համար, օրինակ՝ խմբեր, որոնց կարող եք միանալ, միջոցառումներ, որոնց կարող եք մասնակցել, Facebook-ի էջեր, որոնց կարող եք հետևել կամ ուղարկել հաղորդագրություն, շոուներ, որոնք կարող եք դիտել, և մարդիկ, ում հետ գուցե ցանկանաք ընկերանալ: Ավելի ամուր կապերն ավելի լավ համայնքներ են ստեղծում, և մենք կարծում ենք, որ մեր ծառայություններն առավել օգտակար են, երբ մարդիկ միանում են մարդկանց, խմբերի և կազմակերպությունների, որոնցով նրանք հետաքրքրված են:
1.3 Ձեզ հնարավորություն տալ արտահայտվելու և խոսելու այն ամենի մասին, ինչը Ձեզ համար կարևոր է․
Կան Facebook-ում արտահայտվելու բազմաթիվ եղանակներ, որպեսզի կարողանաք ընկերների, ընտանիքի և ուրիշների հետ շփվել այն մասին, թե ինչն է Ձեզ համար կարևոր, օրինակ՝ կիսվել կարգավիճակի թարմացումներով, լուսանկարներով, տեսանյութերով և պատմություններով Meta Արտադրանքներում (համապատասխան Ձեր կարգավորումներին), հաղորդագրություններ ուղարկել կամ ձայնային կամ տեսազանգեր կատարել որևէ ընկերոջ կամ մի քանի մարդկանց հետ, ստեղծել միջոցառումներ կամ խմբեր, կամ ավելացնել կոնտենտ Ձեր պրոֆիլում, ինչպես նաև ցույց տալ Ձեզ վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչպես են ուրիշները փոխազդում Ձեր կոնտենտի հետ: Մենք նաև մշակել և շարունակում ենք բացահայտել մարդկանց համար տեխնոլոգիաներից օգտվելու նոր եղանակներ, ինչպես օրինակ՝ ընդլայնված իրականությունը և 360 աստիճան տեսանյութը՝ Meta արտադրանքներում ավելի արտահայտիչ և գրավիչ կոնտենտ ստեղծելու և հրապարակելու համար:
1.4 Օգնել Ձեզ հայտնաբերել կոնտենտ, արտադրանքներ և ծառայություններ, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ․
Մենք Ձեզ ցուցադրում ենք անհատականացված գովազդներ, առաջարկներ և այլ հովանավորվող կամ առևտրային կոնտենտ՝ օգնելով Ձեզ հայտնաբերել կոնտենտ, արտադրանքներ և ծառայություններ, որոնք առաջարկվում են բազմաթիվ բիզնեսների և կազմակերպությունների կողմից, որոնք օգտվում են Facebook-ից և այլ Meta Արտադրանքներից: Ստորև բերված 2-րդ բաժինն ավելի մանրամասն բացատրում է սա։
1.5 Խթանել մեր ծառայությունների ապահովությունը, անվտանգությունը և ամբողջականությունը, պայքարել վնասակար վարքագծի դեմ և պաշտպանել մեր օգտատերերի համայնքը․
Մարդիկ համայնք կստեղծեն Meta Արտադրանքներում միայն այն դեպքում, եթե իրենց ապահով և անվտանգ զգան: Մենք քրտնաջան աշխատում ենք մեր արտադրանքների և ծառայությունների անվտանգությունը (ներառյալ՝ հասանելիությունը, իսկությունը, ամբողջականությունը և գաղտնիությունը) պահպանելու համար: Մենք աշխատանքի ենք վերցնում նվիրված աշխատակիցների ամբողջ աշխարհում, աշխատում ենք արտաքին ծառայություններ մատուցողների, գործընկերների և այլ համապատասխան կազմակերպությունների հետ և զարգացնում ենք առաջադեմ տեխնիկական համակարգեր՝ հայտնաբերելու մեր արտադրանքների հնարավոր սխալ օգտագործումը, այլոց նկատմամբ վնասակար վարքագիծը և այն իրավիճակները, որտեղ մենք կարող ենք աջակցել կամ պաշտպանել մեր համայնքը, այդ թվում՝ արձագանքելու օգտատերերի հնարավոր խախտող կոնտենտի մասին հաղորդումներին: Եթե մենք իմանանք նման կոնտենտի կամ վարքագծի մասին, մենք կարող ենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հիմնվելով մեր գնահատման վրա, որոնք կարող են ներառել Ձեզ ծանուցելը, օգնություն առաջարկելը, կոնտենտը հեռացնելը, որոշակի գործառույթների հասանելիությունը հեռացնելը կամ սահմանափակելը, հաշիվն անջատելը կամ իրավապահ մարմինների հետ կապ հաստատելը: Մենք կիսվում ենք տվյալներով Meta ընկերությունների հետ, երբ հայտնաբերում ենք սխալ օգտագործում կամ վնասակար վարքագիծ մեր Արտադրանքներից օգտվող որևէ մեկի կողմից կամ որպեսզի ապահովենք Meta Արտադրանքների, օգտատերերի և համայնքի անվտանգությունը: Օրինակ, մենք տեղեկություններ ենք տրամադրում Meta ընկերություններին, որոնք տրամադրում են ֆինանսական ապրանքներ և ծառայություններ՝ օգնելու նրանց խթանել ապահովությունը, անվտանգությունը և ամբողջականությունը և համապատասխանել գործող օրենքներին: Meta-ն կարող է հասանելիություն ունենալ, պահպանել, օգտագործել և կիսվել Ձեր վերաբերյալ իր հավաքած ցանկացած տեղեկությունով, եթե բարեխղճորեն կարծում է, որ դա պահանջվում է կամ թույլատրվում է անել օրենքով: Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք մեր Գաղտնիության քաղաքականությանը:
Որոշ դեպքերում Վերահսկիչ խորհուրդը կարող է ստուգել մեր որոշումները՝ իր պայմանների և կանոնադրությունների համաձայն: Իմացեք ավելին այստեղ:
1.6 Օգտագործել և զարգացնել առաջադեմ տեխնոլոգիաներ՝ բոլորի համար անվտանգ և ֆունկցիոնալ ծառայություններ մատուցելու համար․
Մենք օգտագործում և զարգացնում ենք առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցման համակարգերը և ընդլայնված իրականությունը, որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ օգտվել մեր Արտադրանքներից՝ անկախ ֆիզիկական հնարավորություններից կամ աշխարհագրական տեղադրությունից: Օրինակ, նման տեխնոլոգիաներն օգնում են մարդկանց, ովքեր տեսողական խնդիրներ ունեն, հասկանալ, թե ինչ կամ ով է պատկերված Facebook-ում կամ Instagram-ում հրապարակված լուսանկարներում կամ տեսանյութերում: Մենք նաև կառուցում ենք բարդ ցանցային և հաղորդակցման տեխնոլոգիաներ՝ օգնելու ավելի շատ մարդկանց միանալ համացանցին սահմանափակ հասանելիությամբ տարածքներում: Եվ մենք մշակում ենք ավտոմատացված համակարգեր, որպեսզի կարողանանք կատարելագործել չարաշահող և վտանգավոր գործողությունները հայտնաբերելու և հեռացնելու մեր կարողությունը, որոնք կարող են վնասել մեր համայնքին և մեր Արտադրանքների ամբողջականությանը:
1.7 Ուսումնասիրել մեր ծառայություններն ավելի լավը դարձնելու ուղիները․
Մենք զբաղվում ենք հետազոտություններով՝ մեր արտադրանքները մշակելու, փորձարկելու և բարելավելու համար: Սա ներառում է մեր օգտատերերի մասին մեր ունեցած տվյալների վերլուծությունը և պատկերացումը, թե ինչպես են մարդիկ օգտվում մեր Արտադրանքներից, օրինակ՝ հարցումներ անցկացնելու և նոր գործառույթների փորձարկման և անսարքությունների վերացման միջոցով: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք օգտագործում տվյալները, որպեսզի աջակցենք այս հետազոտությանը մեր ծառայությունների զարգացման և բարելավման նպատակով:
1.8 Ապահովել հետևողական և անխափան գործառնություններ Meta Ընկերության Արտադրանքներում․
Մեր Արտադրանքներն օգնում են Ձեզ գտնել և կապ հաստատել Ձեզ համար կարևոր մարդկանց, խմբերի, բիզնեսների, կազմակերպությունների և ուրիշների հետ: Մենք նախագծում ենք մեր համակարգերը, որպեսզի Ձեր գործառնությունը լինի հետևողական և անխափան տարբեր Meta ընկերության Արտադրանքներում, որոնցից Դուք օգտվում եք: Օրինակ, մենք օգտագործում ենք տվյալներ այն մարդկանց մասին, ում հետ փոխազդում եք Facebook-ում, որպեսզի հեշտացնենք նրանց հետ կապ հաստատելը Instagram-ում կամ Messenger-ում, և մենք հնարավորություն ենք տալիս հաղորդակցվել ցանկացած բիզնեսի հետ, որին հետևում եք Facebook-ում Messenger-ի միջոցով:
1.9 Հասանելիության ապահովում մեր ծառայություններին․
Մեր գլոբալ ծառայությունները գործարկելու և ամբողջ աշխարհի մարդկանց հետ կապ հաստատելու համար մենք պետք է փոխանցենք, պահպանենք և տարածենք կոնտենտ և տվյալներ մեր տվյալների կենտրոններին, գործընկերներին, ծառայություններ մատուցողներին, վաճառողներին և համակարգերին ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Ձեր բնակության երկրից դուրս: Այս գլոբալ ենթակառուցվածքի օգտագործումն անհրաժեշտ և էական է մեր ծառայությունները մատուցելու համար։ Այս ենթակառուցվածքը կարող է պատկանել, շահագործվել կամ վերահսկվել «Meta Platforms, Inc.» ընկերության, «Meta Platforms Ireland Limited» ընկերության կամ դուստր ձեռնարկությունների կողմից:
2. Ինչպես են ֆինանսավորվում մեր ծառայությունները
Facebook-ից և մեր առաջարկած այլ արտադրանքներից ու ծառայություններից օգտվելու համար վճարելու փոխարեն օգտագործելով սույն Պայմաններում ընդգրկված Meta Արտադրանքները՝ Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք Ձեզ ցուցադրել անհատականացված գովազդներ և այլ առևտրային և հովանավորվող կոնտենտ, որոնց համար բիզնեսներն ու կազմակերպությունները վճարում են մեզ՝ Meta ընկերության Արտադրանքներում: Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները, օրինակ՝ Ձեր գործողությունների և հետաքրքրությունների մասին տեղեկությունները, որպեսզի ցուցադրենք Ձեզ անհատականացված գովազդներ և հովանավորվող կոնտենտ, որոնք կարող են ավելի համապատասխան լինել Ձեզ համար:
Մարդկանց գաղտնիության պաշտպանությունն առանցքային է այն հարցում, թե ինչպես ենք մենք նախագծել մեր անհատականացված գովազդների համակարգը: Սա նշանակում է, որ մենք կարող ենք Ձեզ համապատասխան և օգտակար գովազդներ ցուցադրել՝ առանց գովազդատուներին ասելու, թե ով եք Դուք: Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները: Մենք գովազդատուներին թույլ ենք տալիս մեզ հայտնել այնպիսի տեղեկություններ, ինչպես օրինակ՝ իրենց բիզնես նպատակը և լսարանի տեսակը, որին նրանք ցանկանում են ցուցադրել իրենց գովազդները (օրինակ՝ 18-35 տարեկան մարդիկ, ովքեր սիրում են հեծանիվ վարել): Այնուհետև մենք ցույց ենք տալիս նրանց գովազդն այն մարդկանց, ովքեր, մեր կարծիքով, կարող են հետաքրքրվել:
Մենք նաև գովազդատուներին տրամադրում ենք հաշվետվություններ իրենց գովազդների արդյունավետության մասին՝ օգնելով նրանց հասկանալ, թե ինչպես են մարդիկ փոխազդում իրենց կոնտենտի հետ Meta արտադրանքներում և դրանցից դուրս: Օրինակ, մենք գովազդատուներին տրամադրում ենք ընդհանուր ժողովրդագրական և հետաքրքրությունների մասին տեղեկություններ՝ օգնելու նրանց ավելի լավ պատկերացնել իրենց լսարանը, օրինակ, այն հանգամանքը, որ գովազդը տեսել են Մադրիդում ապրող 25-ից 34 տարեկան կանայք, ովքեր հավանում են ծրագրային ճարտարագիտությունը: Մենք չենք կիսվում այն տեղեկություններով, որոնք ուղղակիորեն բացահայտում են Ձեզ (ինչպես օրինակ՝ Ձեր անունը կամ էլփոստի հասցեն, որոնք ինքնին կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու կամ Ձեր ով լինելը նույնականացնելու համար), եթե Դուք մեզ հատուկ թույլտվություն չեք տվել: Իմացեք ավելին, թե ինչպես են աշխատում Meta գովազդներն այստեղ:
Մենք հավաքում և օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ վերը նկարագրված ծառայությունները Ձեզ տրամադրելու համար: Դուք կարող եք իմանալ, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում Ձեր տվյալները մեր Գաղտնիության քաղաքականությունում: Դուք վերահսկում եք Ձեզ ցուցադրվող գովազդների և գովազդատուների տեսակները, և տեղեկությունների տեսակները, որոնք մենք օգտագործում ենք՝ որոշելու, թե որ գովազդները Ձեզ ցուցադրենք: Իմացեք ավելին:
3. Ձեր պարտավորությունները Facebook-ի և մեր համայնքի նկատմամբ
Մենք տրամադրում ենք այս ծառայությունները Ձեզ և ուրիշներին՝ օգնելու առաջ մղել մեր առաքելությունը: Փոխարենը, մեզ պետք է, որ Դուք ստանձնեք հետևյալ պարտավորությունները․
3.1 Ով կարող է օգտվել Facebook-ից
Երբ մարդիկ պաշտպանում են իրենց կարծիքներն ու գործողությունները, մեր համայնքը դառնում է ավելի ապահով և ավելի պատասխանատու: Այս պատճառով Դուք պետք է․
Ձեր հաշվի համար նշեք նույն անունը, որն օգտագործում եք առօրյա կյանքում:
Տրամադրեք ճշգրիտ տեղեկություններ Ձեր վերաբերյալ:
Ստեղծեք միայն մեկ հաշիվ (Ձեր սեփականը) և օգտագործեք այն անձնական նպատակների համար:
Մի՛ հրապարակեք Ձեր գաղտնաբառը, մի՛ տվեք հասանելիություն Ձեր Facebook հաշվին ուրիշներին և մի՛ փոխանցեք Ձեր հաշիվը որևէ մեկին (առանց մեր թույլտվության):
Մենք փորձում ենք Facebook-ը լայնորեն հասանելի դարձնել բոլորին, բայց Դուք չեք կարող օգտվել Facebook-ից, եթե․
Դուք 13 տարեկանից փոքր եք։
Դուք դատապարտված եք սեռական հանցագործության մեջ։
Մենք նախկինում անջատել ենք Ձեր հաշիվը մեր Պայմանների, Համայնքի ստանդարտների կամ այլ պայմանների և քաղաքականությունների խախտումների պատճառով, որոնք վերաբերում են Ձեր կողմից Facebook-ի օգտագործմանը: Եթե մենք անջատենք Ձեր հաշիվը մեր Պայմանների, Համայնքի ստանդարտների, կամ այլ պայմանների և քաղաքականությունների խախտման պատճառով, Դուք համաձայնում եք չստեղծել այլ հաշիվ՝ առանց մեր թույլտվության: Նոր հաշիվ ստեղծելու թույլտվություն ստանալը տրամադրվում է մեր հայեցողությամբ և չի նշանակում կամ ենթադրում, որ կարգապահական գործողությունը սխալ է եղել կամ առանց պատճառի:
Ձեզ արգելվում է օգտվել արտադրանքներից, ծառայություններից կամ ծրագրերից՝ համաձայն գործող օրենքների:
3.2 Ինչով կարող եք կիսվել և ինչ կարող եք անել Meta Արտադրանքներում
Մենք ցանկանում ենք, որ մարդիկ օգտվեն Meta արտադրանքներից՝ արտահայտվելու և իրենց համար կարևոր կոնտենտով կիսվելու համար, բայց ոչ ուրիշների անվտանգության և բարեկեցության կամ մեր համայնքի ամբողջականության հաշվին: Հետևաբար, Դուք համաձայնում եք չմասնակցել ստորև նկարագրված գործողություններին (կամ նպաստել կամ աջակցել ուրիշներին դա անելիս)․
Դուք չեք կարող օգտվել մեր Արտադրանքներից որևէ բան անելու կամ որևէ բանով կիսվելու համար, եթե․
Դա անօրինական է, մոլորեցնող, խտրական կամ խարդախ (կամ օգնում է մեկ ուրիշին նման կերպ օգտվել մեր Արտադրանքներից):
Դուք չունեք կամ չեք տիրապետում կիսվելու համար անհրաժեշտ իրավունքներին:
Դա խախտում է ուրիշի իրավունքները, ներառյալ՝ նրանց մտավոր սեփականության իրավունքները (օրինակ՝ խախտելով ուրիշի հեղինակային իրավունքը կամ ապրանքային նշանը, կամ կեղծ կամ հեղինակային իրավունքը խախտող ապրանքներ տարածելը կամ վաճառելը), բացառությամբ այն դեպքերի, երբ գործում է բացառություն կամ սահմանափակում՝ համաձայն գործող օրենսդրության:
Դուք չեք կարող վերբեռնել վիրուսներ կամ վնասակար ծածկագիր, օգտագործել ծառայությունները՝ սպամ ուղարկելու համար կամ որևէ այլ գործողություն անել, որը կարող է անջատել, ծանրաբեռնել, խանգարել կամ խաթարել մեր ծառայությունների, համակարգերի կամ արտադրանքների պատշաճ աշխատանքը, ամբողջականությունը, գործառնությունը կամ տեսքը:
Դուք չեք կարող մուտք գործել կամ հավաքել տվյալներ մեր Արտադրանքներից՝ օգտագործելով ավտոմատացված միջոցներ (առանց մեր նախնական թույլտվության) կամ փորձել մուտք գործել այն տվյալները, որոնց մուտքի թույլտվություն չունեք՝ լինի դա ավտոմատացված մուտք, թե տվյալների հավաքագրում՝ Ձեր Facebook հաշիվ մուտք գործելիս:
Դուք չեք կարող փոխանցել, պահանջել կամ հավաքել Արտադրանքի օգտանուններ և գաղտնաբառեր, կամ յուրացնել մուտքի նշաններ:
Բացառությամբ Հարթակի Պայմաններով նախատեսված դեպքերի, Դուք չեք կարող վաճառել, լիցենզավորել կամ գնել մեզնից կամ մեր ծառայություններից ստացված որևէ տվյալ, անկախ այն հանգամանքից, թե արդյոք այդպիսի տվյալները ստացվել են Facebook հաշիվ մուտք գործելու ժամանակ:
Դուք չեք կարող սխալ օգտագործել հաղորդման, դրոշման, վիճարկման կամ բողոքարկման ալիքները, ինչպես օրինակ՝ կեղծ, կրկնվող կամ անհիմն հաղորդումներ կամ բողոքներ ներկայացնելով:
Դուք չեք կարող անել կամ փորձել անել որևէ բան՝ շրջանցելու կամ անտեսելու որևէ տեխնոլոգիական միջոց, որն օգտագործում է Meta-ն՝ վերահսկելու կամ սահմանափակելու հասանելիությունը մեր Արտադրանքներին կամ տվյալներին:
Մենք կարող ենք հեռացնել կամ սահմանափակել հասանելիությունը կոնտենտին, որը խախտում է այս դրույթները: Մենք կարող ենք նաև կասեցնել կամ անջատել Ձեր հաշիվն այս դրույթները խախտող վարքագծի պատճառով, ինչպես նախատեսված է 4-րդ բաժնի 2-րդ կետում:
Եթե մենք հեռացնենք կամ արգելափակենք այն կոնտենտը, որով Դուք կիսվել եք, Համայնքի ստանդարտների խախտման պատճառով, մենք Ձեզ կտեղեկացնենք և կբացատրենք ցանկացած տարբերակ, որը Դուք ունեք՝ այլ ստուգման հայտ ուղարկելու համար, բացառությամբ այն դեպքերի, եթե Դուք լրջորեն կամ բազմիցս խախտել եք այս Պայմանները, կամ եթե դա կարող է ենթարկել մեզ կամ ուրիշներին իրավական պատասխանատվության, վնասել մեր օգտատերերի համայնքին, վտանգել կամ միջամտել մեր ցանկացած ծառայությունների, համակարգերի կամ արտադրանքների ամբողջականությանը կամ գործունեությանը, եթե մենք սահմանափակված ենք տեխնիկական սահմանափակումների պատճառով, կամ եթե մեզ արգելված է դա անել իրավական պատճառներով: Հաշվի կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունների համար տեսեք ստորև ներկայացված 4-րդ բաժնի 2-րդ կետը:
Մենք աշխատում ենք փաստերի ստուգման անկախ մասնագետների հետ բազմաթիվ երկրներում՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Երբ կոնտենտը գնահատվում է փաստերի ստուգման մասնագետների կողմից, մենք կարող ենք դրան ծանուցում ավելացնել՝ լրացուցիչ համատեքստ տրամադրելու համար: Փաստերի ստուգման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Մեր համայնքին աջակցելու համար մենք Ձեզ խրախուսում ենք հաղորդել կոնտենտի կամ վարքագծի մասին, որը, Ձեր կարծիքով, խախտում է Ձեր իրավունքները (ներառյալ՝ մտավոր սեփականության իրավունքները) կամ մեր պայմաններն ու քաղաքականությունները, եթե այս գործառույթը գործում է Ձեր երկրում: Մենք կարող ենք նաև հեռացնել կամ սահմանափակել հասանելիությունը կոնտենտի գործառույթներին, ծառայություններին կամ տեղեկություններին, եթե որոշենք, որ դա ողջամտորեն անհրաժեշտ է մեր ծառայությունների սխալ օգտագործումից կամ Meta-ի վրա բացասական իրավական կամ կարգավորող ազդեցությունից խուսափելու կամ այն մեղմելու համար:
3.3 Թույլտվություններ, որոնք Դուք տալիս եք մեզ
Մեզ անհրաժեշտ են որոշակի թույլտվություններ Ձեր կողմից՝ մեր ծառայությունները տրամադրելու համար․
1. Ձեր կոնտենտը. Որոշ կոնտենտ, որով Դուք կիսվում եք կամ որը վերբեռնում եք, օրինակ՝ լուսանկարները կամ տեսանյութերը, կարող են պաշտպանված լինել մտավոր սեփականության մասին օրենքներով:
Դուք պահպանում եք մտավոր սեփականության իրավունքները (օրինակ՝ հեղինակային իրավունքը կամ ապրանքային նշանները) ցանկացած նման կոնտենտի նկատմամբ, որը Դուք ստեղծում և հրապարակում եք Facebook-ում և այլ Meta Ընկերության Արտադրանքներում, որոնցից Դուք օգտվում եք: Այս Պայմաններում ոչ մի դրույթ Ձեզ չի զրկում Ձեր սեփական կոնտենտի նկատմամբ Ձեր ունեցած իրավունքներից: Դուք ազատ կարող եք Ձեր կոնտենտով կիսվել ուրիշների հետ, որտեղ ուզում եք:
Այնուամենայնիվ, մեր ծառայությունները տրամադրելու համար մեզ անհրաժեշտ է, որ Դուք մեզ որոշակի օրինական թույլտվություններ տաք (հայտնի են որպես «լիցենզիա») այդ կոնտենտն օգտագործելու համար: Սա բացառապես մեր արտադրանքներն ու ծառայությունները տրամադրելու և կատարելագործելու նպատակով է, ինչպես նկարագրված է վերևում՝ 1-ին բաժնում:
2. Ձեր ստեղծած և Ձեր կողմից հրապարակվող կոնտենտն օգտագործելու թույլտվություն. Մասնավորապես, երբ Դուք կիսվում եք, հրապարակում կամ վերբեռնում կոնտենտ, որը ենթակա է մտավոր սեփականության իրավունքներին և կապված է մեր արտադրանքների հետ, Դուք մեզ տրամադրում եք ոչ բացառիկ, փոխանցելի, ենթալիցենզավորվող, առանց հոնորարների և համաշխարհային լիցենզիա՝ կազմակերպելու, օգտագործելու, տարածելու, փոփոխելու, գործարկելու, կրկնօրինակելու, հրապարակայնորեն կատարելու կամ ցուցադրելու, թարգմանելու և ստեղծելու Ձեր կոնտենտի ածանցյալ ստեղծագործությունները (համապատասխան Ձեր գաղտնիության և հավելվածի կարգավորումների): Սա նշանակում է, որ, օրինակ, եթե Դուք կիսվում եք լուսանկարով Facebook-ում, Դուք մեզ թույլտվություն եք տալիս այն պահել, կրկնօրինակել և կիսվել ուրիշների հետ (կրկին՝ Ձեր կարգավորումներին համապատասխան), օրինակ՝ Meta Արտադրանքներ կամ ծառայություններ մատակարարողներին, որոնք աջակցում են այդ արտադրանքներին և ծառայություններին: Այս լիցենզիան կավարտվի, երբ Ձեր կոնտենտը ջնջվի մեր համակարգերից:
3. Ձեր կոնտենտի ջնջում. Դուք ցանկացած պահի կարող եք ջնջել անհատական կոնտենտը, որով Դուք կիսվում եք, որը հրապարակում եք և որը վերբեռնում եք: Բացի այդ, Ձեր անձնական հաշվում հրապարակված ողջ կոնտենտը կջնջվի, եթե ջնջեք Ձեր հաշիվը: Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես ջնջել Ձեր հաշիվը: Հաշվի ջնջումն ավտոմատ կերպով չի ջնջում կոնտենտը, որը Դուք հրապարակում եք որպես էջի ադմին կամ կոնտենտը, որը Դուք միասին ստեղծել եք այլ օգտատերերի հետ, օրինակ՝ ընդհանուր ալբոմների լուսանկարները, որոնք կարող են շարունակել տեսանելի լինել ալբոմի մյուս անդամներին:
Հաշվի ջնջման գործընթացը սկսելուց կամ կոնտենտի ջնջման հայտ ստանալուց հետո կոնտենտը ջնջելու համար կարող է պահանջվել մինչև 90 օր։ Եթե կոնտենտն ուղարկեք աղբարկղ, ջնջման գործընթացն ավտոմատ կերպով կսկսվի 30 օրից, եթե չընտրեք ջնջել կոնտենտն ավելի շուտ: Մինչ կոնտենտի ջնջման այդ գործընթացը ձեռնարկվում է, կոնտենտն այլևս տեսանելի չէ մյուս օգտատերերին: Կոնտենտի ջնջումից հետո մեզնից կարող է պահանջվել ևս 90 օր, որպեսզի այն հեռացնենք պահուստներից և վթարային վերականգնման համակարգերից:
Կոնտենտը չի ջնջվի հաշվի ջնջումից կամ կոնտենտի ջնջման գործընթացից հետո 90 օրվա ընթացքում հետևյալ իրավիճակներում․
երբ Ձեր կոնտենտն օգտագործվել է ուրիշների կողմից՝ համաձայն այս լիցենզիայի, և նրանք չեն ջնջել այն (այդ դեպքում այս լիցենզիան կշարունակի գործել, մինչև այդ կոնտենտը չջնջվի),
եթե 90 օրվա ընթացքում ջնջումը հնարավոր չէ մեր համակարգերի տեխնիկական սահմանափակումների պատճառով, որի դեպքում մենք կավարտենք ջնջումը տեխնիկապես հնարավորության դեպքում, կամ
եթե անհապաղ ջնջումը կսահմանափակի հետևյալ գործողությունների մեր հնարավորությունները․
հետաքննել կամ բացահայտել ապօրինի գործողությունները կամ մեր պայմանների և քաղաքականությունների խախտումները (օրինակ՝ բացահայտել կամ հետաքննել մեր արտադրանքների կամ համակարգերի սխալ օգտագործումը),
պաշտպանել մեր արտադրանքների, համակարգերի, ծառայությունների, մեր աշխատակիցներ և օգտատերերի ապահովությունը, ամբողջականությունը և անվտանգությունը և պաշտպանել ինքներս մեզ,
հետևել օրինական պարտավորություններին ապացույցների պահպանման համար, ներառյալ՝ տվյալները, որոնք Ֆինանսական արտադրանքներ և ծառայություններ մատուցող Meta ընկերությունները պահպանում են օրենքով պահանջվող գրառումների պահպանման ցանկացած պարտավորություններին համապատասխանելու համար, կամ
կատարել դատական կամ վարչական մարմնի, իրավապահ մարմինների կամ պետական գերատեսչության կողմից որևէ հարցում,
որի դեպքում կոնտենտը կպահվի ոչ ավելի, քան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար այն պահպանվել է (հստակ տևողությունը կտարբերվի յուրաքանչյուր դեպքի համար):
Վերոնշյալ դեպքերից յուրաքանչյուրի պարագայում այս լիցենզիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կոնտենտն ամբողջությամբ չի ջնջվել:
4. Ձեր անունը, պրոֆիլի նկարը և գովազդի և հովանավորվող կամ առևտրային կոնտենտի հետ կապված Ձեր գործողությունների մասին տեղեկություններն օգտագործելու թույլտվություն․ Դուք մեզ թույլտվություն եք տալիս օգտագործել Ձեր անունը և պրոֆիլի նկարը և Facebook-ում Ձեր կատարած գործողությունների մասին տեղեկությունները գովազդի, առաջարկների և հովանավորվող կամ առևտրային այլ կոնտենտի կողքին կամ դրանց առնչությամբ, որոնք մենք ցուցադրում ենք մեր Արտադրանքներում՝ առանց Ձեզ որևէ փոխհատուցման: Օրինակ, մենք կարող ենք ցույց տալ Ձեր ընկերներին, որ Դուք հետաքրքրված եք գովազդվող մի միջոցառմամբ կամ հավանել եք որևէ բրենդի կողմից ստեղծված մի Facebook էջ, որը մեզ վճարել է Facebook-ում իր գովազդները ցուցադրելու համար: Այսպիսի գովազդները և կոնտենտը կարող են տեսնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Ձեր թույլտվությունը՝ տեսնելու Ձեր կատարած գործողությունները Meta արտադրանքներում: Դուք կարող եք իմանալ ավելին Ձեր գովազդի կարգավորումների և նախապատվությունների մասին:
5. Ձեր կողմից օգտագործվող կամ ներբեռնվող ծրագրային ապահովման թարմացման թույլտվություն․ Եթե Դուք ներբեռնում կամ օգտվում եք մեր ծրագրային ապահովումից, Դուք մեզ թույլտվություն եք տալիս ներբեռնելու և տեղադրելու ծրագրային ապահովման թարմացումները՝ ըստ անհրաժեշտության։
3.4 Մեր մտավոր սեփականության օգտագործման սահմանափակումները
Եթե Դուք օգտագործում եք մտավոր սեփականության իրավունքներով պաշտպանված կոնտենտ, որը մենք ունենք և հասանելի ենք դարձնում մեր Արտադրանքներում (օրինակ՝ նկարներ, դիզայններ, տեսանյութեր կամ ձայներ, որոնք մենք տրամադրում ենք, որ ավելացնեք Ձեր ստեղծած կոնտենտին կամ հրապարակեք Facebook-ում), մենք պահպանում ենք այդ կոնտենտի նկատմամբ բոլոր իրավունքները (բայց ոչ Ձերը): Դուք կարող եք օգտագործել մեր հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները (կամ նմանատիպ այլ նշաններ), որոնք ուղղակիորեն թույլատրվում են մեր Բրենդի օգտագործման ուղեցույցներով կամ մեր նախնական գրավոր թույլտվությամբ: Դուք պետք է ստանաք մեր գրավոր թույլտվությունը (կամ թույլտվություն՝ բաց ելքային ծածկագրով լիցենզիայի համաձայն)՝ փոխելու, թարգմանելու, ստեղծելու ածանցյալ աշխատանքներ, ապակազմարկելու կամ վերափոխելու մեր արտադրանքները կամ դրանց բաղադրիչները, կամ այլ կերպ փորձելու ստանալ աղբյուրի ծածկագիրը մեզնից, եթե բացառություն կամ սահմանափակում չի կիրառվում գործող օրենսդրության համաձայն, կամ Ձեր վարքագիծը չի վերաբերում «Meta Bug Bounty» ծրագրին: Մենք վերապահում ենք Ձեզ ուղղակիորեն չտրամադրված բոլոր իրավունքները:
4. Լրացուցիչ դրույթներ
4.1 Մեր Պայմանների թարմացում
Մենք անընդհատ աշխատում ենք մեր ծառայությունները բարելավելու և նոր գործառույթներ զարգացնելու ուղղությամբ, որպեսզի մեր Արտադրանքներն ավելի լավը դարձնենք Ձեզ և մեր համայնքի համար: Արդյունքում, մեզ կարող է անհրաժեշտ լինել ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Պայմանները՝ ճշգրիտ արտացոլելու մեր ծառայություններն ու գործելակերպերը՝ մեր արտադրանքների և ծառայությունների ապահով և անվտանգ գործառությունը խթանելու և/կամ գործող օրենսդրությանը համապատասխանելու համար: Մենք փոփոխություններ կկատարենք միայն այն դեպքում, եթե դրույթներն այլևս տեղին չեն կամ թերի են, և միայն այն դեպքում, եթե փոփոխությունները ողջամիտ են և պատշաճ կերպով հաշվի են առնում Ձեր շահերը, կամ եթե փոփոխությունները պահանջվում են ապահովության և անվտանգության ապահովման նպատակներով կամ գործող օրենսդրությանը համապատասխանելու համար:
Մենք Ձեզ կծանուցենք (օրինակ՝ էլեկտրոնային փոստով կամ մեր Արտադրանքների միջոցով) սույն Պայմաններում փոփոխություններ կատարելուց առնվազն 30 օր առաջ և հնարավորություն կտանք ստուգել դրանք, մինչև դրանց ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունները պահանջվում են օրենքով: Թարմացված Պայմանների յուրաքանչյուր ուժի մեջ մտնելուց հետո Դուք պարտավորված կլինեք դրանցով, եթե շարունակեք մուտք գործել և օգտվել մեր Արտադրանքներից:
Հուսով ենք, որ Դուք կշարունակեք օգտվել մեր Արտադրանքներից, բայց եթե համաձայն չեք մեր թարմացված Պայմաններին կամ ցանկանում եք դադարեցնել Ձեր համաձայնությունն այս պայմանագրին, կարող եք ջնջել Ձեր հաշիվը ցանկացած ժամանակ, և Դուք պետք է նաև այլևս մուտք չգործեք կամ չօգտվեք Facebook-ից և այլ Meta Արտադրանքներից:
4.2 Հաշվի կասեցում կամ դադարեցում
Մենք ցանկանում ենք, որ Facebook-ը լինի մի վայր, որտեղ մարդիկ իրենց հարմարավետ և ապահով կզգան՝ արտահայտվելու և իրենց մտքերով ու գաղափարներով կիսվելու համար:
Եթե մենք մեր հայեցողությամբ որոշենք, որ Դուք ակնհայտորեն, լրջորեն կամ բազմիցս խախտել եք մեր Պայմանները կամ Քաղաքականությունները, ներառյալ՝ մասնավորապես Համայնքի ստանդարտները, մենք կարող ենք կասեցնել կամ ընդմիշտ անջատել Ձեր հասանելիությունը Meta ընկերության Արտադրանքներին, և մենք կարող ենք ընդմիշտ անջատել կամ ջնջել Ձեր հաշիվը: Մենք կարող ենք նաև անջատել կամ ջնջել Ձեր հաշիվը, եթե Դուք պարբերաբար խախտում եք այլ մարդկանց մտավոր սեփականության իրավունքները, կամ երբ մեզանից պահանջվում է դա անել իրավական պատճառներով:
Մենք կարող ենք անջատել կամ ջնջել Ձեր հաշիվը, եթե գրանցումից հետո Ձեր հաշիվը չհաստատվի, Ձեր հաշիվը չօգտագործվի և երկար ժամանակ մնա անգործուն, կամ եթե հայտնաբերենք, որ ինչ-որ մեկն այն օգտագործել է առանց Ձեր թույլտվության, և մենք չենք կարողանում հաստատել Ձեր հաշվի սեփականության իրավունքը: Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես ենք մենք անջատում և ջնջում հաշիվները:
Եթե մենք նման գործողություններ ձեռնարկենք, մենք Ձեզ կտեղեկացնենք և կբացատրենք ցանկացած ընտրանք, որը Դուք ունեք՝ ստուգման հայտ ուղարկելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է մեզ կամ ուրիշներին ենթարկել իրավական պատասխանատվության, վնասել մեր օգտատերերի համայնքին, վտանգել կամ միջամտել մեր ծառայությունների, համակարգերի կամ արտադրանքների ամբողջականությանը կամ գործունեությանը, եթե մենք սահմանափակված ենք տեխնիկական սահմանափակումների պատճառով, կամ եթե մեզ արգելված է դա անել իրավական պատճառներով։
Դուք կարող եք իմանալ ավելին այն մասին, թե ինչ կարող եք անել, եթե Ձեր հաշիվն անջատվել է, և թե ինչպես կապ հաստատել մեզ հետ, եթե Դուք կարծում եք, որ մենք սխալմամբ ենք անջատել Ձեր հաշիվը:
Եթե Դուք ջնջեք կամ մենք անջատենք կամ ջնջենք Ձեր հաշիվը, և Դուք դադարեք մուտք գործել, օգտվել կամ այցելել Facebook և այլ Meta Արտադրանքներ, կամ եթե այս պայմանագիրն այլ կերպ դադարեցվի, ապա այս Պայմանները կդադարեցվեն որպես Ձեր և մեր միջև համաձայնագիր, բացառությամբ հետևյալ դրույթների, որոնք ուժի մեջ կմնան. (3, 4.2-4.5):
4.3 Պատասխանատվության սահմանափակումներ
Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի ապահովենք մեր հնարավոր լավագույն Արտադրանքները և հստակ ուղեցույցներ սահմանենք բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են դրանցից: Այնուամենայնիվ, մեր արտադրանքները տրամադրվում են «ինչպես որ կան», և օրենքով թույլատրելի չափով, մենք երաշխիքներ չենք տալիս, որ դրանք միշտ կլինեն անվտանգ, ապահով կամ առանց սխալների, կամ կգործեն առանց խափանումների, ուշացումների կամ խնդիրների: Օրենքով թույլատրված չափով մենք նաև ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԱՐՏԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏԵԼԸ: Մենք չենք վերահսկում կամ ուղղորդում, թե ինչ են անում կամ ասում մարդիկ և ուրիշները, և մենք պատասխանատվություն չենք կրում նրանց գործողությունների կամ վարքագծի համար (լինի առցանց, թե անցանց) կամ նրանց կողմից հրապարակվող որևէ կոնտենտի համար (այդ թվում՝ վիրավորական, անպատշաճ, անպարկեշտ, անօրինական և այլ վիճելի կոնտենտ):
Մենք չենք կարող կանխատեսել, թե երբ կարող են խնդիրներ առաջանալ մեր արտադրանքների հետ: Համապատասխանաբար, մեր պատասխանատվությունը պետք է սահմանափակվի գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով: Մեր պատասխանատվությունը կսահմանափակվի գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով, և ոչ մի դեպքում մենք պատասխանատվություն չենք կրի Ձեր կորցրած շահույթի, եկամուտների, տեղեկությունների, կամ տվյալների կամ հետևանքային, հատուկ, անուղղակի, օրինակելի, պատժիչ կամ պատահական վնասների համար, որոնք առաջացել են կամ կապված են սույն Պայմանների կամ Meta արտադրանքների հետ (անկախ պատճառներից կամ պատասխանատվության որևէ տեսությունից, ներառյալ՝ անփութությունը), նույնիսկ եթե մեզ տեղեկացվել է նման վնասների հնարավորության մասին:
4.4 Վեճեր
Մենք փորձում ենք ապահովել հստակ կանոններ, որպեսզի կարողանանք սահմանափակել կամ հնարավորինս խուսափել Ձեր և մեր միջև վեճերից: Այնուամենայնիվ, եթե վեճ առաջանա, լավ կլինի նախապես իմանալ, թե որտեղ կարող է լուծվել այն և թե ինչ օրենքներ կկիրառվեն:
Եթե Դուք սպառող եք, կամ երբ դա պահանջվում է գործող օրենքներով, ապա Ձեր բնակության երկրի օրենքները կկիրառվեն մեր դեմ Ձեր ունեցած ցանկացած հայցի, հայցադիմումի կամ վեճի նկատմամբ, որը բխում է սույն Պայմաններից կամ Meta արտադրանքներից կամ առնչվում է դրանց, և Դուք կարող եք լուծել Ձեր հայցն այդ երկրի ցանկացած իրավասու դատարանում, որն իրավասու է նմանատիպ հայցերի քննության համար: Բոլոր մյուս դեպքերում և ցանկացած հայցի, հայցադիմումի կամ վեճի համար, որը Meta-ն ներկայացնում է Ձեր դեմ, Դուք և Meta-ն համաձայն եք, որ ցանկացած նման հայց, հայցադիմում կամ վեճ պետք է լուծվի բացառապես ԱՄՆ-ում Կալիֆորնիայի Հյուսիսային շրջանի շրջանային դատարանում կամ Սան Մատեո շրջանի նահանգային դատարանում: Դուք նաև համաձայնում եք, որ ենթարկվում եք այս դատարաններից որևէ մեկի անձնական իրավասությանը՝ ցանկացած նման հայց ներկայացնելու նպատակով, և որ Կալիֆորնիայի նահանգի օրենքները կկարգավորեն սույն Պայմանները և ցանկացած հայց, հայցադիմում կամ վեճ՝ առանց հաշվի առնելու օրենքների հակասական դրույթները: Չհակասելով վերը նշվածին՝ Դուք համաձայնում եք, որ իր հայեցողությամբ Meta-ն կարող է Ձեր դեմ հարուցել ցանկացած հայց, հայցադիմում կամ վեճ, որը մենք ունենք Ձեր դեմ Ձեր բնակության երկրի ցանկացած իրավասու դատարանում, որն իրավասու է նմանատիպ հայցերի քննության համար:
4.5 Այլ դրույթներ
Լրացուցիչ պայմաններ. Մեր առաջարկած որոշ Արտադրանքներ նաև կարգավորվում են լրացուցիչ պայմաններով: Եթե Դուք օգտվում եք այդ Արտադրանքներից որևէ մեկից, լրացուցիչ պայմանները հասանելի կլինեն և կդառնան Ձեզ հետ մեր համաձայնագրի մի մասը: Օրինակ, եթե Դուք հասանելիություն եք ստանում կամ օգտվում եք մեր Արտադրանքներից առևտրային կամ բիզնես նպատակներով, ինչպես օրինակ՝ գովազդներ գնելը, ապրանքներ վաճառելը, հավելվածներ մշակելը, Ձեր բիզնեսի համար խումբ կամ էջ կառավարելը կամ մեր չափման ծառայություններն օգտագործելը, Դուք պետք է համաձայնեք մեր Առևտրային պայմաններին: Եթե Դուք հրապարակում եք կամ կիսվում եք երաժշտություն պարունակող կոնտենտով, Դուք պետք է համապատասխանեք մեր Երաժշտության վերաբերյալ ուղեցույցներին: Եթե Դուք օգտվում եք Ավատարներից, ապա կիրառվում են նաև Ավատարի Պայմանները: Եթե Դուք օգտվում եք մեր ԱԲ արտադրանքներից ու գործառույթներից, ապա կիրառվում են նաև Meta ԱԲ-ի Պայմանները: Եթե որևէ լրացուցիչ պայման հակասում է սույն Պայմաններին, ապա լրացուցիչ պայմանները կկարգավորվեն հակասության չափով:
Բաժանելիություն. Եթե պարզվի, որ սույն Պայմանների որևէ մաս անիրագործելի է, ապա տվյալ անիրագործելի մասը կհամարվի փոփոխված այն նվազագույն չափով, որն անհրաժեշտ է այն կիրառելի դարձնելու համար, և եթե հնարավոր չէ այն դարձնել իրագործելի, ապա այն պետք է առանձնացվի, իսկ մնացած մասը պետք է կիրառվի ամբողջությամբ և ուժի մեջ մնա: Եթե մենք չկարողանանք կիրառել այս Պայմաններից որևէ մեկը, դա չի համարվի հրաժարում: Սույն Պայմանների ցանկացած փոփոխություն կամ հրաժարում պետք է կատարվի գրավոր և ստորագրվի մեր կողմից:
Փոխանցման իրավունքի բացակայություն. Դուք առանց մեր համաձայնության չեք կարող փոխանցել սույն Պայմաններով նախատեսված Ձեր իրավունքները կամ պարտավորությունները:
Իրավահաջորդ կոնտակտ. Դուք կարող եք նշանակել մեկին (կոչվում է իրավահաջորդ կոնտակտ)՝ կառավարելու Ձեր հաշիվը, եթե այն սահմանվի որպես հիշատակի հաշիվ: Եթե Դուք այդ հնարավորությունը միացնեք Ձեր կարգավորումներում, ապա միայն Ձեր իրավահաջորդ կոնտակտը կամ այն անձը, ում Դուք նույնականացրել եք վավեր կտակում կամ նմանատիպ իրավական փաստաթղթում, որում հստակ համաձայնություն է արտահայտվում այդ անձին Ձեր կոնտենտը բացահայտելու մասին մահվան կամ անաշխատունակության դեպքում, կարող են պահանջել տեղեկությունների սահմանափակ բացահայտում Ձեր հաշվից, երբ այն սահմանվի որպես հիշատակի հաշիվ:
Երրորդ կողմի շահառուների պայմաններ չկան. Այս պայմանները երրորդ կողմի շահառուներին որևէ իրավունք չեն տալիս: Սույն Պայմաններով նախատեսված մեր բոլոր իրավունքներն ու պարտականությունները կարող են ազատորեն փոխանցվել մեր կողմից՝ կապված ակտիվների միաձուլման, ձեռքբերման կամ վաճառքի հետ, օրենքի գործողության հետ կամ այլ կերպ:
Օգտանվան փոփոխություն. Մեզ կարող է անհրաժեշտ լինել փոխել Ձեր հաշվի օգտանունը որոշակի հանգամանքներում (օրինակ, եթե ինչ-որ մեկը պահանջում է տվյալ օգտանունը, և այն կարծես թե կապ չունի Ձեր առօրյա կյանքում օգտագործվող անվան հետ):
Կարծիք. Մենք միշտ գնահատում ենք Ձեր կարծիքը և առաջարկությունները մեր արտադրանքների և ծառայությունների վերաբերյալ: Բայց մենք կարող ենք օգտագործել կարծիքերը և առաջարկությունները՝ առանց Ձեզ փոխհատուցելու որևէ սահմանափակման կամ պարտավորության, և մենք պարտավոր չենք դրանք գաղտնի պահել:
5. Այլ պայմաններ և քաղաքականություններ, որոնք կարող են վերաբերել Ձեզ
Համայնքի ստանդարտներ. Այս ուղեցույցները նախանշում են մեր ստանդարտները Facebook-ում Ձեր հրապարակած կոնտենտի և Facebook-ում և այլ Meta Արտադրանքներում Ձեր գործողությունների վերաբերյալ:
Առևտրային պայմաններ. Այս պայմանները կիրառվում են, եթե Դուք նաև մուտք եք գործում կամ օգտվում եք մեր Արտադրանքներից որևէ առևտրային կամ բիզնես նպատակներով, ներառյալ՝ գովազդելը, մեր հարթակում հավելված գործարկելը, մեր չափման ծառայություններից օգտվելը, բիզնեսի համար որևէ խումբ կամ էջ կառավարելը, կամ ապրանքներ կամ ծառայություններ վաճառելը:
Համայնքի վճարման պայմաններ. Այս պայմանները վերաբերում են Meta Արտադրանքներում կամ դրանց միջոցով կատարված վճարումներին:
Առևտրային քաղաքականություններ. Այս ուղեցույցները նախանշում են այն քաղաքականությունները, որոնք կիրառվում են, երբ Դուք ապրանքներ կամ ծառայություններ եք առաջարկում վաճառքի համար Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում:
Երաժշտության մասին ուղեցույցներ. Այս ուղեցույցները նախանշում են այն քաղաքականությունները, որոնք կիրառվում են, եթե որևէ Meta Արտադրանքում երաժշտություն պարունակող կոնտենտ եք հրապարակում կամ կիսվում եք նման կոնտենտով:
Գովազդման մասին քաղաքականություններ. Այս քաղաքականությունները վերաբերում են այն գործընկերներին, ովքեր գովազդում են Meta Արտադրանքներում, և սահմանում են, թե ինչ տեսակի գովազդային կոնտենտ է թույլատրվում այն գործընկերների կողմից, ովքեր գովազդում են Meta Արտադրանքներում։
Գովազդի ինքնասպասարկման պայմաններ. Այս պայմանները կիրառվում են, երբ Դուք օգտագործում եք ինքնասպասարկման գովազդային միջերեսներ՝ գովազդ կամ այլ առևտրային կամ հովանավորվող գործողություններ կամ կոնտենտ ստեղծելու, ներկայացնելու կամ ցուցադրելու համար:
Meta հարթակի մասին քաղաքականություն. Այս պայմանները վերաբերում են API-ների, SDK-ների, գործիքների, փլագինների, ծածկագրի, տեխնոլոգիաների, կոնտենտի և ծառայությունների օգտագործմանը, որը թույլ է տալիս ուրիշներին զարգացնել ֆունկցիոնալությունը, առբերել տվյալներ Meta Արտադրանքներից կամ տրամադրել տվյալներ մեզ։
Մշակողի վճարման պայմաններ. Այս պայմանները վերաբերում են Facebook վճարումներից օգտվող հավելածների մշակողներին:
Meta Բրենդի ռեսուրսներ. Այս ուղեցույցները նախանշում են Meta ապրանքային նշանների, լոգոների և սքրինշոթների օգտագործման կանոնները:
Ավատարի Պայմաններ. Այս պայմանները վերաբերում են մեր Ավատարների և Ավատարի գործառույթների օգտագործմանը, ներառյալ՝ Ավատարների հագուստի գնումներն ու ձեռքբերումները Ավատարի խանութում:
Meta ԱԲ-ի Պայմաններ. Այս պայմանները կարգավորում են մեր Գեներատիվ ԱԲ արտադրանքների և գործառույթների օգտագործումը: